Պաղպաղակի մասին`


DSC01712

Դրսում արդեն ամառ է, արևը շոում է ու փայլում իր ճառագայթներով, իսկ ջերմաստիճանը բավական բարձր է: Իսկ ո՞վ  է մեր ամենասիրելի հյուրն ամռան այս տաք ու արևոտ օրերին: Իհարկե, քաղցր, համեղ, սառը ու զովացնող պաղպաղակը`վանիլային, շոկոլադե, մրգային ու ընկույզի փոքր հատիկներով….

Այն, որ պաղպաղակ շատ ես սիրում` համոզված եմ, բայց արդյո՞ք գիտես, որ պաղպաղակի մասին հավաքվել են մի ամբողջ կույտ փաստեր, որոնք և հետաքրքիր են, և  շա˜տ զարմանալի:

Ուրեմն արագ վերցրու քո սիրելի պաղպաղակն ու վազիր այստեղ. գնում ենք պաղպաղակը բացահայտելու….

Սկսենք ամենասկզբից. ինչպես փաստում են պատմաբաններից շատերը, պաղպաղակը հայտնվել է ավելի քան 5000 տարի առաջ: Մեր թվարկությունից առաջ 3000 տարում  դեռ Չինաստանում մատուցում էին իրար խառնած ձյուն ու սառույց` նարնջի ու կիտրոնի մանր կտորներով, կամ նռան  հատիկներով:

Իսկ այժմ աշխարհում գոյություն ունի պաղպաղակի ավելի քան 700 տեսակ: Պաղպաղակային ամենահայտնի համը վանիլայինն է, իսկ շոկոլադե քաղցր ծածկույթը` ամենահայտնի լրացնող բաղադրիչը: Պարզվում է` ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում պաղպաղակ է գնվում, իսկ  շաբաթվա բոլոր օրերից ամենից շատ վաճառվում է հենց կիրակի օրերին: Քաղցր դեսերտը սիրում են շատ երկրներում ու շատ տարբեր մարդիկ, բայց կան ռեկորդակիրներ, ովքեր աչքի են ընկնում պապաղակի հանդեպ բացառիկ սիրով: Աշխարհում պաղպաղակի ամենամեծ սիրահարները ամերիկացիներն են. յուրաքանչյուր ոք տարեկան միջին հաշվարկով սպառում է մոտ 20 կիլոգրամ պաղպաղակ: Ամերիկացիների այս անկեղծ սերը արտահայտվել է դեռևս 1984 թվականին, երբ նախագահ Ռեյգանը հուլիս ամիսը պաշտոնապես հայտարարեց ¦պաղպաղակի ամիս»:

Այս ամենի հետ, պաղպաղակները նաև հաճախ մրցում են իրենց չափերով: Օրինակ ամենամեծ պաղպաղակից տորթը պատրաստել են Պեկինում. քաղցրավենիքի լայնությունը 3 մետր էր, իսկ այ քաշը հասնում էր 8 տոննայի: Բայց այսքանով չի սահմանափակվում պաղպաղակների մրցակցությունը. Մոսկվայում էլ պատրաստել են ամենամեծ պաղպաղակից ձնեմարդուն` պաղպաղակամարդ, ում հասակը 2 մետր էր, իսկ քաշը` 300 կիլոգրամ:

Բացի մարդկանցից, պաղպաղակ սիրում են նաև շները: Յուրաքանչյուր հարյուր մարդուց հինգը կիսվում են պաղպաղակով իրենց տնային սիրելիի հետ: Շների համար նույնիսկ հատուկ պաղպաղակ է ստեղծվել ոսկորի տեսքով: Վիտամինները օգտակար են նրանց համար և փայլ են հաղորդում մազածածկույթին:

Իսկ, եթե մեծ ցանկություն ունեք համտեսելու պաղպաղակի բազմաթիվ տեսակներ, ուրեմն պետք է հասնեք Վենեսուելա: Այստեղի ՙCoromoto՚  սրճարանում հաճախորդներին առաջարկում են 709 տեսակի պաղպաղակ:   Թերևս միայն այստեղ են գտնվում ամենատարօրինակ պաղպաղակները` սոխի, գազարի, գարեջրի, լոլիկի, ձկան համերով: Սա կատակ չէր. այս սրճարանում վաճառում են նույնիսկ շատ կծու պաղպաղակ չիլի պղպեղով:

Թե, ինչպիսին են տարօրինակ պաղպաղակները ես չգիտեմ, բայց երևի շատ հետաքրքիր կլինի պաղպաղակ ուտել ու զգալ կծու համ:

Թերևս բավարավենք մեզ ծանոթ «ավանդական» պաղպաղակներով ու հնարավորին հետաքրքիր ու հաճելի անցկացնենք ամառը, չծուլանանք ու ինչ-որ հետքրքրություններ գտնենք: Իսկ պաղպաղակը թող մեզ օգնի զովանալ ամռան շոգ օրերին, էներգիա ու բարձր տրամադրություն հաղորդի:

Լավ, կարծես թե շատ խոսեցի, ավելի լավ է գնամ ու ես էլ վայելեմ իմ պաղպաղակն ու ամառը…

Նյութի աղբյուրը` http://arevatsaghik.wordpress.com/2013/06/14/%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D6%80-%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D6%80-%D5%B0%D5%A5%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE/

Թողնել մեկնաբանություն